Բեռլինում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ: Բանակցությունները շարունակվելու են այսօր: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս մասին գրել է սոցիալական ցանցերում:
«Ներկայացուցիչները խոր քննարկումներ են ունեցել 20 կետանոց խաղաղության ծրագրի, տնտեսական օրակարգի և այլ հարցերի շուրջ: Նշանակալի առաջընթաց է գրանցվել»,- գրել է նա:
Դեկտեմբերի 2-ին Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Կրեմլում բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու իր նպատակից՝ արևմտյան անվտանգության երաշխիքների դիմաց՝ որպես Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու փոխզիջում։ Այս մասին կիրակի հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ի սկզբանե Ուկրաինան ցանկանում էր միանալ ՆԱՏՕ-ին, դա կապահովեր անվտանգության իրական երաշխիքներ։ Սակայն ԱՄՆ-ի և Եվրոպական որոշ գործընկերներ չաջակցեցին այդ գործընթացին»,- ասել է նա՝ WhatsApp-ի զրույցում պատասխանելով լրագրողների հարցերին։
«ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և այլ երկրների կողմից անվտանգության երաշխիքների տրամադրումը հնարավորություն կտա բացառել Ռուսաստանի կողմից ևս մեկ ներխուժումը»,- ասել է նա՝ հավելելով, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն իրավական առումով պարտավորեցնող։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: