Հիմա ես ամեն կիրակի գնում եմ պատարագի։ Ի դեպ, մարդիկ ասում են, թե ինչու ես նախորդող շրջանում չեմ գնացել։ Նույն պատճառով. որովհետև որոշ բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաներ իրենց գործողություններով ինձ նման հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր մարդկանց վանել են եկեղեցուց։ Այդ մասին ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որովհետև անհնար է անընդհատ գնալ և գտնվել այս մթնոլորտում և միջավայրում։ Նրանք շատ են խոսում աղանդավորության մասին, բայց ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա նեղ շրջապատն են։ Որովհետև ի՞նչ է աղանդը։ Դա հավատի եղծումն է, հավատը նենգափոխելն է, հավատը նվազեցնելն է, մարդուն հավատից հեռացնելն է։
Նրանք տասնյակ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից, ՀԱԵ-ից։ Եվ մարդիկ, իրենց հոգևոր կյանքի փնտրտուքով, գնացել են, հայտնվել են տարբեր տեղերում, որտեղ շատ թե քիչ ինչ-որ հոգևոր խոսակցություններ և հոգևոր թեմատիկա կա»,- նշել է նա։