Առաջարկվում է ՀՀ սեփականություն հանդիսացող՝ 13 մլն 404 հազար դրամ արժեքով 1,5 հա հողամասն ամրացնել ՇՄՆ-ին և անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 11-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Նշված անշարժ գույքը ՀՀ-ին է վերադարձվել գլխավոր դատախազության հայցի հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտով, որով անվավեր են ճանաչվել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ կազմակերպության տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի և «Կարեն» արտադրական կոոպերատիվի նախագահ Ռուբեն Ղարիբյանի միջև կնքված պայանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված է ՀՀ սեփականությունը»,- ասաց նախարարը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց գործից՝ նշելով, որ բավարարվել է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, և «Սևան» ազգային պարկին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիսարևելյան հատվածի՝ Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող 1,5 հա մակերեսով հողամասը:
«Դատաքննությամբ պարզվել է, որ 2009 թվականի մարտի 18-ին տրված անշարժ գույքի սեփականության օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի թիվ 3 հասցեում գտնվող 1,5 հա բնապահպանական նշանակության հողամասերից բացի՝ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված է նաև արտադրական կոոպերատիվի կառուցապատման իրավունքը:
Բացի դրանից՝ Կառավարությանն առընթեր գույքագրման վարչության «Սևան» տեղամասի կողմից տրամադրված սեփականության վկայագրի համաձայն՝ Ծողազարդ գյուղի հյուսիսարևելյան հատվածում՝ Սևան-Գավառ ավտոճանապարհի աջ կողմում գտնվող 1,5 հա մակերեսով հողամասը, այդ թվում՝ շինությունները, Գեղարքունիքի մարզպետի՝ 1997 թվականի նոյեմբերի 14-ի որոշման հիման վրա գրանցման գրքում գրանցվել են արտադրական կոոպերատիվի անվամբ:
Վերոգրյալի հիման վրա դատարանը փաստել է, որ ՀՀ-ի՝ ի դեմս ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, և արտադրական կոոպերատիվի նախագահի միջև 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված և 2009 թվականի մարտի 11-ին նոտարի կողմից վավերացված պայմանագրով արտադրական կոոպերատիվին կառուցապատման իրավունքով տրամադրվել է արդեն իսկ կառուցապատված հողամաս:
Այս խնդիրը համատարած է ազգային պարկի ամբողջ տարածքում, արդեն իսկ կառուցապատված հողամասերի պարագայում թաքցվում է կառուցապատման փաստը, և տրամադրվում է վարձակալական իրավունքով հողամաս: Ապօրինի գույքով անցնող գույքերի մի ստվար զանգված ուղղակի իրականության մեջ գոյութուն ունեն, փաստաթղթերում գոյություն չունեն:
2025 թվականի հուլիսի 2-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ: 2025 թվականի օգոստոսի 29-ին Գեղարքունիք մարզի՝ համայնք Գավառ, գյուղ Ծովազարդ հասցեի՝ 1,5 հա մակերեսով 13 մլն 404 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի, ինչպես նաև 162 քառակուսի մետր շենք-շինության նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը»,- ասաց նա՝ ներկայացնելով նաև այժմ ընթացքի մեջ գտնվող աշխատանքները և այլ մանրամանսեր:
Աննա Վարդապետյանը նաև տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանությանը հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության վրա մի շարք միջնորդագրեր են ուղարկվել Սևան համայնքին և ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Սևանի ափամերձ, բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքի բերելու համար:
«Աշխատանքները բավականին դանդաղ են ընթանում, այս պահի դրությամբ 3 հողամասերում առկա շենք-շինություններն են ապամոնտաժվել, մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ, և կայացվել քանդման 23 որոշումներ, որոնք դեռևս չեն կատարվել»,- ասաց Վարդապետյանը՝ ընդգծելով, որ հսկողությունը շարունակվելու է, և եթե աշխատանքները չկատարվեն, պահանջելու են դատական կարգով դա անել:
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ ում են պատկանում գույքերը, գլխավոր դատախազը մանրամասնեց՝ դրանք պատկանում են նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց:
«Մեկը «Հարսնաքարն» է, մյուսը Վլադիմիր Գասպարյանին՝ նախկին ոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը զրո նիշից ցածր է, մի մասը՝ չէ: Գույքերից մեկը Նորայր Փանոսյանին է պատկանում:
Իհարկե, այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, այլ կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ: Առանձնատունը ևս, որը նշեցի, պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք ևս, որը պատկանում է իրավաբանական անձի, ուղղակի փոքր էր գույքը, 450 քառակուսի մետրի մասին է խոսքը »,- հավելեց նա:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ևս արձագանքեց՝ ընդգծելով, որ գույքերի քանդումը գումար է պահանջում, և այս համատեքստում խնդրեց գումար հատկացնել: