Օգոստոսի 8-ին քաղաքական կարևոր որոշում կայացվեց, և քաղաքական առաջնորդություն ցուցաբերվեց, բայց ես հիմա զգում եմ, որ տնտեսությունը մեզ՝ քաղաքական գործիչներիս, վազանցում է: Այս մասին Համբուրգում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լինում է, չէ՞, Սևանի մայրուղուն քեզ համար քշում ես, մեկ էլ տեսնում ես՝ ավտոմեքենա եկավ արագ, քեզ վազանցեց-անցավ: Հիմա ես զգում եմ, որ տնտեսությունը քաղաքականությանը վազանցում է, և դա շատ լավ նորություն է, որովհետև տնտեսական կապերը և տնտեսական հետաքրքրությունները, որոնք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում և ավելի լայն համատեքստում ձևավորվում են, կայունության և անվտանգության ամենահուսալի երաշխիքն են, որովհետև երբ տարածաշրջանի բիզնեսները սկսեն իրար հետ փող աշխատել, և ամեն մեկն իր երկրին բերի լրացուցիչ եկամուտներ, այդ ժամանակ երկրներից ոչ մեկը մյուս երկրի ապակայունացման և ընդհանրապես տարածաշրջանի ապակույնացման նկատմամբ հետաքրքրություն չի ունենա, ընդհակառակը՝ շատ մեծ հետաքրքրություն կցուցաբերի երկրների և տարածաշրջանի կայունության համար:
Եվ ես մեր գործարարներին քաջալերում եմ, որ նրանք գան և քաղաքականությանը (կներե՛ք, ուզում եմ հասկանալի բառ գործածել ուղղակի) «աբգոն» անեն: Դա շատ կառուցողական «աբգոն» է: Սովորաբար «աբգոնը» վտանգավոր է լինում, բայց այս դեպքում ամենահուսալի ու լավագույն աբգոնն է, որ տարածաշրջանային տնտեսությունը գա և տարաշրջանային քաղաքականությանը «աբգոն» անի: Այն ժամանակ մտածում էինք, որ տնտեսությունը կհրի քաղաքականությանը, հիմա ասում ենք՝ կքաշի քաղաքականությանը, որն ավելի էֆեկտիվ է»,-ասաց նա: