Եվրամիությունը մշտական ներկայացուցիչների մակարդակով համաձայնեցրել է REPowerEU ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականի ավարտը ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու մասին վերջնական փոխզիջումային տեքստը: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Դանիայի մամուլի ծառայությունը: Կոպենհագենը մինչև 2025 թվականի վերջը նախագահում է ԵՄ խորհրդում։
ԵՄ անդամ 27 երկրից 25-ը հաստատել են օրենքի տեքստը, ներառյալ Ռուսաստանից հեղուկացված բնական գազից և խողովակաշարային գազից լրիվ հրաժարվելու ժամկետները, դրանք չպահպանելու համար նախատեսված տույժերը, ինչպես նաև ռուսական նավթից լիարժեք հրաժարումը։
Օրենքն այժմ պետք է քվեարկվի Եվրախորհրդարանում, ապա պաշտոնապես հաստատվի ԵՄ խորհրդում։
Ի տարբերություն ԵՄ արտաքին քաղաքականությանը վերաբերող պատժամիջոցների՝ առևտրային միջոցառումների միաձայն հաստատումը պարտադիր չէ: Հայտնի է, որ Հունգարիան և Սլովակիան չեն պաշտպանում Եվրամիության մտադրությունը՝ ամբողջովին հրաժարվել ռուսական գազից, քանի որ նրանց տնտեսությունները դեռևս կախված են Մոսկվայից խողովակաշարային գազ գնելու շահավետ պայմանագրերից: