Հայաստանը հանձնառու է զարգացնելու և խորացնելու հարաբերություններն Իռլանդիայի հետ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ՀՀ-ում Իռլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Բեննոնի հետ հանդիպման ընթացքում: (Նստավայրը՝ Բուլղարիա):
Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Իռլանդիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը:
Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ վերջերս է այցելել Իռլանդիա և Իռլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջոն Բրեյդիի հետ հանդիպման ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղություններին ու նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Նա տեղեկացրել է, որ Իռլանդիա-Հայաստան բարեկամական խմբի այցը Հայաստան նախատեսվում է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2025 թվականին Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո գործընթացն առավել ակտիվ շարունակություն կունենա: Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ 2026 թվականի մայիսին Հայաստանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ կրթության ոլորտում Հայաստանի և Իռլանդիայի համագործակցության հետագա զարգացումը կարևոր նախադրյալներ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փորձի փոխանակման համար:
Նրա դիտարկմամբ` երկու երկրների հարաբերությունների սերտացմանը կարող է զգալիորեն նպաստել նաև Իռլանդիայից Հայաստան ուղիղ չվերթերի բացման հնարավորությունը:
Մերի Գալստյանը ևս կարևորել է Հայաստան-Իռլանդիա հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով խորհրդարանական փոխհամագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Նա նաև կարևորել է Իռլանդիայի հետ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում, խոսել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքի, իրականացվող աշխատանքների մասին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քեթրին Բեննոնը նշել է, որ երկու երկրների խորհրդարանական գործընկերների այցը կբացի նոր հնարավորություններ՝ խորացնելու երկկողմ կապերը, հատկապես՝ խորհրդարանական հարթակում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի և Իռլանդիայի միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը:
Քննարկվել են Իռլանդիայի հետ մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը, վիզաների ազատականացման գործընթացին: