Եկեղեցու թեմայով այս ամբողջ պատմությունը զուտ համապատասխանելու մասին է, նախևառաջ Եկեղեցու՝ իր իսկ կանոններին համապատասխանելու: Այդ մասին Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից թշնամական վերաբերմունք կա ՀՀ Կառավարության դեմ, և թե ի՞նչ շանս կա այս մասով հաջողության հասնելու:
Ըստ Փաշինյանի՝ այս ամենի նպատակը թափանցիկության, հաշվետվողականության, ՀԱԵ կանոններին համապատասխանության հասնելն է, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին արտաքին ազդեցության նկատմամբ դարձնում է ավելի խոցելի, նաև գործիք՝ արտաքին ազդեցության համար:
«Ոչ ոք չգիտի, թե մեր Եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում: Ո՛չ ոք չգիտի: Ինչքա՞ն գումար է մուտք գործում, ինչպե՞ս է ծախսվում: Եվ գիտե՞ք՝ ամենամեծ խնդիրը որն է, հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի վիճակում, իսկ եկեղեցականներից ոմանք ապրում են աղքատության մեջ. դա խնդիր է ու վնաս է մեր երկրի բարոյական մթնոլորտին:
Մենք ցանկանում ենք, որ արժեքահենք հասարակություն լինի: Բայց ես ասում եմ՝ հնարավոր չէ ունենալ արժեքահենք հասարակություն, երբ մեր արժեհամակարգի էպիկենտրոնը ախտահարված է: Մեզ անհրաժեշտ է բարեփոխում ունենալ, անհրաժեշտ է, որ մեր Եկեղեցին համապատասխանի մեր հասարակության առաջ և թափանցիկ լինի, և լինեն գործիքներ՝ ստուգելու հոգևորականների բարեվարքությունը և այլն: Կարծում եմ՝ մեր օրակարգն ամբողջովին թափանցիկ է՝ առանց ինչ-որ թաքնված, ծպտյալ օրակարգերի:
Ոմանք ասում են՝ վարչապետը և Կառավարությունը գործում են ընդդեմ ՀԱԵ-ի. դա անհնար է, որովհետև, գիտեք՝ ես ՀԱԵ-ի հետևորդ եմ, հավատացյալ եմ: Ես Հիսուս Քրիստոսի հավատացյալն եմ, ես հետևորդն եմ Հիսուս Քրիստոսի: Վերջերս ես հայտարարեցի, որ Հիսուս Քրիստոսն իմ սիրտն է, և ես չեմ կարող գործել Հիսուս Քրիստոսի դեմ ու հակառակ և իմ Եկեղեցուն հակառակ: Դա իմ Եկեղեցին է ու մեր Եկեղեցին է:
Մեր Կառավարության անդամների 90-ից ավելի տոկոսը ՀԱԵ հետևորդներ են, և իրենք ու մենք ցանկանում ենք՝ Եկեղեցին համապատասխանի, թափանցիկ ու հաշվետու լինի, ազնիվ լինի և արժեքահենք լինի»,- ասաց նա: