Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շատ կարևոր է ոչ միայն ֆինանսական իմաստով, այլև կյանքի որակի: Կարևոր է, որ մենք փոխենք մեր առողջության մասին հոգ տանելու մշակույթը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 2-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
«Այս համակարգի ներդրումն էապես կարող է նվազեցնել երկրում աղքատությունը. սա ես չեմ ասում, մասնագետներն են նշում:
Առողջապահության ապահովագրությունն ամենաէական ազդեցությունը կարող է ունենալ հենց այս ոլորտում, և որևէ մեկի համար գաղտիք չէ, որ հատկապես տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց կամ խոցելի խմբերի դեպքում նրանց ընտանեկան կամ անձնական բյուջեի էական մասն ուղղվում է հենց առողջապահական ծառայություններին:
Կարծում եմ՝ սա էական փոփոխություն է, և հենց այս իմաստով եմ նշում, որ սա սոցիալական ոլորտում շատ կարևոր առաջընթաց է: Էլ չեմ խոսում այն մասին, որ երբ քաղաքացիները պատահաբար և հանկարծակի են հայտնաբերում առողջական խնդիրներ, դա էլ նրանց կանգնեցնում է լուրջ պրոբլեմի առջև հենց միանգամից: Նույնիսկ միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների դեպքում դա կարող է բերել աղքատության կամ սոցիալական լուրջ խնդիրների»,- ասաց պատգամավորը՝ կարծիք հայտնելով, թե այս համակարգն իրականացվող ամենալուրջ փոփոխությունն է:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը: Համակարգի ներդրման ժամկետների և շահառուների մասին՝ այստեղ: