Ես երկու կարևոր բան կա էլեկտրամոբիլների հետ կապված, որ մեր հայրենակիցներից շատերն են հարցնում. առաջինը վերաբերում է ձիաուժերին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Այդ խնդիրը կա: Նույն մեքենայի համար, նույն տեխնիկական բնութագրիչներով, որոշ դեպքերում շատ բարձր կամ, այսպես ասած, մարքեթինգային ձիաուժն է վերցվում և բարձր գույքահարկ է դրա համար հաշվարկվում, և կան դեպքեր, երբ մարդիկ փորձաքննություն են անցնում, բավական մեծ գումար դրա համար վճարելով, որի հիման վրա ձիաուժերն ավելի պակաս են վերցվում և ավելի քիչ գույքահարկ են վճարում»,- պարզաբանեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է 1 տարով ԱԱՀ-ից ազատման արտոնության երկարաձգումն այն քաղաքացիների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներմուծում:
Թունյանը տեղեկացրեց՝ հարցը Կառավարությունում քննարկվել է:
«Հիմա աշխատում են, որպեսզի լինի համակարգ, որտեղ ԵԱՏՄ-ի ռեեստրից ելակետային տվյալները կվերցվեն, և փորձաքննության կարիք չի լինի, այսինքն՝ այս հարցի լուծումն առաջիկա օրերի ընթացքում կլինի»,- տեղեկացրեց նա:
Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին, ըստ պատգամավորի, տեղեկություն է տարածվում, որ քանի որ ԱԱՀ-ի արտոնությունը կիրառվելու է միայն մինչև 2 տարվա հնության մեքենաների համար, դա նշանակում է, որ հետագայում, եթե 3-4-5 տարվա վաղեմության իր էլեկտրամոբիլը մարդը կվաճառի, ապա ԱԱՀ է վճարելու:
«Ուզում եմ ասել՝ նման բան չկա, և ԱԱՀ-ն ֆիզիկական անձի կողմից մեքենան վաճառելու դեպքում՝ ոչ միայն էլեկտրամոբիլ, այլև ցանկացած այլ մեքենա, չի կիրառվում: Այս ինֆորմացիան սխալ է:
Երրորդ կարևոր բանը. մեզ շատ քաղաքացիներ դիմում են, ասում են՝ մենք արդեն մեքենաները պատվիրել ենք, դրանք արդեն ճանապարհին են, չգիտեինք, որ 2 տարվա սահմանափակում է լինելու, պարոն Պապոյանը (էկոնոմիկայի նախարար - խմբ.) ճիշտ է ասում, որ իրենց ոչ ոք չէր խոստացել, որ այս արտոնությունը երկարաձգվելու է, բայց ամեն դեպքում մարդիկ, դատելով մեր ուղերձներից, ենթադրել են, որ նույնկերպ այդ արտոնությունը շարունակվելու է, և արդեն մեքենաներ են պատվիրել»,- նշեց Թունյանը՝ ընդգծելով՝ մինչև երկորրդ ընթերցում կփորձեն հասկանալ՝ հնարավո՞ր է այնպես անել, որ արդեն ճանապարհին գտնվող էլեկտրամոբիլների համար, որոնք երկու տարուց հին են, խնդիրը լուծել: