Եվս 1 տարով կերկարաձգվի ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն քաղաքացիների համար, ֆիզիկական և իրավաբանական այն անձանց համար, որոնք էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներմուծում: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 2-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ լինելու է 1 բացառություն:
«Բացառությունը հետևյալն է. մենք առաջարկում ենք այս նոր կարգավորումը կիրառել 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված, այսինքն՝ 2024, 2025 և 2026 թվականների արտադրության մեքենաների համար»,- ասաց նա:
Նախարարը ներկայացրեց նաև վիճակագրություն, ըստ որի՝ Հայաստանը 2022, 2023, 2024 թվականներին ունեցել է ոչ միայն ԱԱՀ արտոնություն, այլև մաքսատուրքից ազատման արտոնություն քվոտայի շրջանակում: 2022 թվականին՝ 7000 միավոր, իսկ 2023, 2024 և 2025 թվականներին՝ 8000-ական միավոր:
«2023-ին մեքենաների ներմուծման ծավալը կազմել է 9635 միավոր: 2022 թվականի համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 75 տոկոսով: 2024 թվականին ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 2023 թվականի համեմատությամբ աճել է 22 տոկոսով:
2019 թվականի համեմատությամբ 2024 թվականին 17,6 անգամ ավելի շատ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ և նմանատիպ էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցներ են ներմուծվել ՀՀ: Մասնավորապես` նոյեմբերի 19-ի դրությամբ (2025 թվականի վիճակագրությունն ասեմ) Հայաստան է եկել 16381 միավոր ավտոմեքենա, 7 միավոր ավտոբուս և 2479 միավոր մոտոցիկլետ կամ մոպեդ, այսինքն՝ փաստացի արդեն 19000 ավտոմեքենա, տրանսպորտային միջոց է եկել ՀՀ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ բավականին շատ է, հետևաբար, կարող ենք ակնկալել մինչև տարեվերջ, որ կկրկնապատկվի նախորդ տարվա ներմուծման ցուցանիշը»,- ասաց նա:
Գևորգ Պապոյանը նաև ընդգծեց, թե ինչու է Կառավարությունը կարևորում արտոնության քաղաքականությունը. այդ նպատակներն են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումը խթանելը, ՀՀ ավտոպարկի թարմացումը, էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև կանաչ նպատակները:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հետաքրքրվեց՝ այս քվոտայի մեջ առանձին ենթաքվոտաներ էին սահմանվել դիլերների և անհատ քաղաքացիների համար, այս տարի կա՞ նման ենթաքվոտա: Պապոյանն արձագաքնեց՝ դեկտեմբերի դրությամբ քվոտա չկա, եթե լինի, կհայտարարվի, ապա հիշեցրեց, որ նախորդ տարի 8000 քվոտա է եղել, որից 5000-ը՝ դիլերներին: Արման Եղոյանն առաջարկեց այս տարի ավելի շատ քվոտա տրամադրել քաղաքացիներին: