Այս տարի էկոնոմիկայի նախարարության առաջարկով Կառավարությունն ընդունել է Կանաչ և կայուն տնտեսության ռազմավարական ծրագիրը, և ռազմավարական ծրագրում ամրագրված է, որ 2030 թվականին պետք է ունենանք նվազագույնը 100 հազար էլեկտրամոբիլ: Այս մասին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հիշեցնենք՝ դրանով նախատեսվում է, որ ևս 1 տարով կերկարաձգվի ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն քաղաքացիների համար, ֆիզիկական և իրավաբանական այն անձանց համար, որոնք էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներմուծում:
«Սա՝ մեր ռազմավարական տեսլականի մասին: Ես կարծում եմ, որ մենք, վստահաբար, կունենանք»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ նախագիծը, որ նախարարությունն առաջարկել էր, սկզբից 3 տարվա համար էր, հետո՝ 2 տարվա ու վերջում դարձավ 1: Պապոյանը բացատրեց՝ որն է պատճառը:
«Բանն այն է, որ մեր միջազգային գործընկերը՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, շատ զգայուն է ԱԱՀ-ի և ընդհանրապես հարկաբյուջետային քաղաքականության մեջ տարբեր փոփոխություններ անելու նկատմամբ»,- պարզաբանեց էկոնոմիկայի նախարարը՝ ընդգծելով, որ իրենք են հորդորել 1 տարուց ավելի չանել:
«Մեր միջազգային գործընկերները ինձ հետ հանդիպմանը հույս ունեին, որ այս նախագիծն էլ չենք բերի խորհրդարան»,- ժպտալով ասաց նախարարը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի դիտարկման, որը հետաքրքրվում էր՝ արդյոք միջազգային գործընկերները գիտե՞ն, որ նախագիծը կարող է հաջորդ տարի ևս բերվել խորհրդարան:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը վարողի իրավունքով հարց ուղղեց նախարարին՝ հետաքրքրվելով՝ արդյոք այս օրենքի շրջանակում անդրադարձ կատարվելո՞ւ է բեռնատար էլեկտրամոբիլներին:
Նախարարի խոսքով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն առաջարկ է ներկայացրել, ինքն ընդունել է այն, հանձնաժողովի նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում այն կոդերը, որոնք վերաբերում են բեռնատար մեքենաներին, ներառել:
Արշակյանը հիշեցրեց՝ ինքը նամակով նույն խնդրով դիմել է նախարարին, ի պատասխան՝ Պապոյանն ասաց՝ առաջարկն ընդունվել է:
«Այս պահին իմպլեմենտացված չէ, այսինքն՝ եթե առաջին ընթերցմամբ ընդունենք, դրա մեջ չկա, բայց պայմանավորվել ենք առաջինից երկրորդ ընթերցում այդ կոդերը ավելացնել»,- պարզաբանեց էկոնոմիկայի նախարարը: