Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է՝ Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) համակարգի ներդրումը արտադրություններում և հանրային սննդի օբյեկտներում անհրաժեշտ է սննդամթերքի անվտանգության ռիսկերը նվազագույնի հասցնելու և սննդամթերքի արտադրության ողջ շղթան կենսաբանական, քիմիական և ֆիզիկական վտանգներից պաշտպանելու համար:
ՎՎՀԿԿ/HACCP համակարգի առկայությունը պարտադիր է սննդամթերք արտադրող (արտադրություններ, հանրային սննդի օբյեկտներ) բոլոր ընկերությունների համար, իսկ դրա սկզբունքների պահպանումը արտադրվող սննդամթերքը դարձնում է մարդու կյանքի և առողջության համար անվտանգ:
ՎՎՀԿԿ/HACCP կարևորագույն յոթ սկզբունքներն են՝
1․ Վտանգի աղբյուրների վերլուծությունը
2․ Հսկման կրիտիկական կետերի հատկորոշումը
3․ Կրիտիկական սահմանների որոշումը
4․ Մշտադիտարկման համակարգի մշակումը
5․ Ուղղիչ գործողությունների սահմանումը
6․ Վերստուգումը
7․ Փաստաթղթավորման համակարգի ստեղծումը:
Ներդնելով HACCP համակարգը արտադրամասերում, հանրային սննդի կետերում՝ կպաշտպանեք թե՛ ձեր արտադրանքի անվտանգությունը, թե՛ սպառողների շահերը, կդառնաք ավելի մրցունակ և նվազագույնի կհասցնեք վերահսկողության անհրաժեշտությունը ձեր արտադրությունում։
HACCP համակարգերի մասին մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ
snund.am կայքում հետևալ
հղմամբ:
Տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումների ընթացքում հետևողականորեն ստուգվելու են ՎՎՀԿԿ/HACCP համակարգի և դրա սկզբունքների վրա հիմնված գործընթացները սննդամթերքի արտադրամասերում և հանրային սննդի օբյեկտներում: