««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել 1-ին կառամատույցից (ՄՂՈՒ-MTWY) մինչև ղեկուղի «Ալֆա» (ՂՈՒ-TWY A) ընկած հատվածը, որը չէր գործում 1970-ական թվականներից։ Վերանորոգված հատվածի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 53.200 քմ (1400 մ x 38 մ)։
ՄՂՈՒ տվյալ հատվածի և ՂՈՒ «Ալֆա» հատվածի շահագործումը զգալիորեն կբարձրացնի օդանավակայանի շահագործման արդյունավետությունը: Այն հնարավորություն կտա ավելի օպտիմալ կերպով իրականացնել օդանավերի վերգետնյա տեղաշարժը՝ մոտ 35%-ով ավելացնելով օդանավերի ընդհանուր տեղաշարժերի քանակը, նվազեցնել գերբեռնվածությունը և ավելացնել օդանավակայանի կողմից սպասարկվող օդանավերի/չվերթերի ընդհանուր քանակը: Այն կշահագործվի ծանր բեռնատար օդանավերի տեղաշարժի համար։ Այն կարող է նաև օգտագործվել որպես լրացուցիչ տարհանման ճանապարհ։
Նշված հատվածի շահագործումը հանդիսանում է օդանավակայանի շարունակական զարգացման ծրագրի առանցքային բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապահովել ուղևորների համար բարձրակարգ և հարմարավետ ճանապարհորդական փորձ։