Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈՒԱՀԲ) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունն ուրբաթ առավոտյան խուզարկություններ են անցկացրել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակի տանը։
Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ նշելով, որ խուզարկությունները կատարվում են նախաքննության շրջանակներում, և մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Երմակն էլ հաստատել է, որ քննիչներն այցելել են իր տուն։ Նա նշել է, որ համագործակցում է նախաքննության հետ և որևէ կերպ չի խոչընդոտում խուզարկությունը։
Պաշտոնապես դեռ չի հաղորդվել թե ինչ գործով են ընթանում խուզարկությունները։ Ենթադրվում է, որ դրանք իրականացվում են այսպես կոչված «Միդաս» գործողության շրջանակում՝ կապված էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ քննության հետ: Գործի գլխավոր կասկածյալը Ուկրաինան լքած գործարար Թիմուր Մինդիչն է, որը կապեր ուներ նաև նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Գործով շոշափվում է նաև Երմակի անունը, որը համարվում է Ուկրաինայի նախագահի մտերիմ գործընկերը։
Մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ նախագահական «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամները, ավելի վաղ պահանջել էին Երմակի հրաժարականը, սակայն Զելենսկին նոյեմբերի 20-ին խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պաշտոնանկ չի անի իր վարչակազմի ղեկավարին։
Երմակն ԱՄՆ խաղաղության նախաձեռնության (այսպես կոչված «28 կետանոց պլան») շուրջ բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավարն է։ Բանակցություններից մեկ օր առաջ հրապարակվել էր Երմակի հարցազրույցը, որում նա հայտարարել էր, որ Ուկրաինան չի հրաժարվի իր տարածքներից՝ Ռուսաստանի հետ խաղաղության դիմաց, բայց պատրաստ է քննարկել, թե որտեղով կանցնի սահմանազատման գիծը: