Ուկրաինան չի պատրաստվում տարածքային զիջումների գնալ Ռուսաստանի հետ բանակցություններում, իտալական Сorriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Նա հիշեցրել է նախագահ Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ ցանկացած տարածքային հարց պետք է քննարկվի Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով: Երմակը նաև նշել է, որ քննարկումները վերաբերում են այդ թվում՝ անվտանգության երաշխիքներին. Եվրամիության մի քանի երկիր քննարկում է Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը:
Երմակի խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ հնարավոր հանդիպման ոչ միայն անցկացման վայրի, այլև քննարկվելիք հարցերի շրջանակի ու ակնկալվող արդյունքների վերաբերյալ։
«Մենք նախընտրում ենք, որ հանդիպումը կայանա եվրոպական մայրցամաքում, քանի որ պատերազմը Եվրոպայում է, բայց իհարկե երկու կողմն էլ պետք է համաձայնություն տա հանդիպման վայրի վերաբերյալ»,- ասել է նա։
Իր հերթին, Հունգարիայի արտգործնախարարը հայտարարել է, որ երկու անգամ առաջարկել է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները: Պետեր Սիյարտոյի խոսքով՝ առաջարկը դեռ ուժի մեջ է: