Փորձը ցույց է տալիս, որ կտրուկ քայլերն արդյունքի չեն բերում առնվազն երկարաժամկետով: Պետք է գնալ պլանավորված, հետևողական, ոչ կտրուկ քայլերի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ կտրուկ քայլեր ձեռնարկվեն օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար, օրինակ՝ հնարավո՞ր է՝ մեքենաների ներկրման մաքսատուրքն ավելանա, կամ արգելվի հին մեքենաների մուտքը Հայաստան:
Փաշինյանը տեղեկացրեց՝ իրեն տարածաշրջանային քարտեզ են ուղարկել, որից կարելի է ենթադրել, որ այդ երևույթն ավելի լայն տարածաշրջանային արտահայտություն ունի: Նաև հիշեցրեց, որ 2018 թվականից է խոսում շինհրապարակների որակի մասին, և միաժամանակ նշեց, որ դա մի քիչ կրթական ոլորտի հարց է, նաև՝ կազմակերպչական ու վարչարարության:
«Ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ կտրուկ քայլը ոչ մի հարց չի լուծում: Հարցը լուծում է հետևողական քաղաքականությունը:
Մենք դա էլ պետք է հասկանանք՝ հիմա մենք մի կողմից խցանումներից բողոքում ենք, մյուս կողմից՝ էլեկտրամոբիլների մեծ հոսք կա, երրորդը՝ մենք ուզում ենք, որ էլեկտրամոբիլների թիվն ավելի մեծանա, այդ թվում՝ բնապահպանական պատճառներով ենք ուզում, որ էլեկտրամոբիլների թիվը մեծանա:
Բայց այս ամենն իր հետ բերում է բազմաթիվ դիլեմաներ, և այդ դիլեմաները լուծելու համար պետք է հետևողականորեն աշխատել, այդ թվում՝ ներգրավելով փորձագիտական հանրությանը, քաղաքացիական հանրությանը, որպեսզի ոչ թե սոցցանցերից հավաքենք կարծիքներ, տվյալներ, առաջարկներ, այլ լինի ինստիտուցիոնալ մոտեցում, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը գան լուծումների մասին իրենց առաջարկներով, որպեսզի կարողանանք այդ խնդիրը լուծել:
Բայց հավատացեք, որ վաղն այդ խնդիրը չի լուծվելու: Մենք կտրուկ ինչ-որ քայլեր արել ենք, որպեսզի խնդիրը լուծեք, բայց տեսնում ենք՝ դրանից խնդիրը չի լուծվում, հետևաբար, պետք է գնալ ավելի երկարաժամկետ ճանապարհով»,- ասաց նա: