2-3 տարի առաջ շտապբուժօգնության ծառայության զանգերը սպասարկվում էին 65-70 տոկոսով: Մենք ունեինք վնասով աշխատող կառույց, չունեինք նորմա, արտահագուստ, ունեինք կիսատ-պռատ շարժակազմ, չունեինք նորմալ, լավ, որակյալ ռեանիմոբիլներ, չունեինք անկանխիկ վճարում, թվայնացված, «Արմեդի» հետ ինտեգրված համակարգ և շատ ու շատ բաներ չունեինք: Հիմա այդ ամենն ունենք ու շարունակաբար զարգացնում ենք: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հավելեց՝ այսօր արդեն Երևանի շտապօգնության շարժակազմերն ամբողջությամբ հասցնում են քաղաքացիների համար շտապբուժօգնության սպասարկում իրականացնել:
«Որևէ առիթի դեպքում, ասենք՝ խոշոր ՃՏՊ-ներ, որ լինում են մարզերում, մենք հասնում ենք առաջին զանգով, որովհետև մեր շարժակազմերի քանակը Երևան քաղաքի համար և՛ բավարար է, և՛ կարող ենք օգնություն տրամադրել»,- ասաց Դավիթ Կարապետյանը:
Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց՝ այնուամենայնիվ, կա համակարգ, որը ցույց է տալիս բոլոր ավտոմեքենաների տեղադիրքերը, ըստ այդմ՝ համակարգն ինքը կարող է ասել, թե որ մեքենան պետք է կանչին գնա, որպեսզի ավելի արագ հասնի հասցե: