Գործադիրի հավանությանն է արժանացել 2014 թ. սեպտեմբերի 18-ին Մագլինգեն/Մաքոլինում ստորագրված ««Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Կոնվենցիան միտված է կանխել արդյունքների արհեստական փոփոխումը, պահպանել մրցումների անկանխատեսելի բնույթը, ինչն առանցքային է արդար խաղի և սպորտի հեղինակության համար:
Կոնվենցիայի համաձայն՝ յուրաքանչյուր կողմ մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին, մրցույթների կազմակերպիչներին և յուրաքանչյուր այլ կազմակերպությանը խրախուսում է մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարելու համար սահմանել ընթացակարգեր և կանոններ ու անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար։
Խրախուսում են նաև մարզական կազմակերպություններին ընդունել և իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու մեքենայությունների ռիսկի ենթակա մրցումների արդյունավետ մշտադիտարկում, կասկածելի գործունեության անհապաղ զեկուցում համապատասխան մարմիններին:
Նախատեսվում է ստեղծել նաև հսկիչ հանձնաժողով, որի կազմում ներգրավվում են տարբեր ոլորտների՝ սպորտի, իրավապահ և խաղադրույքները վերահսկող մարմինների ներկայացուցիչներ, ինչն ապահովում է լայն և համալիր մոտեցում: