Politico-ն հաղորդում է, որ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը և շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջը անսպասելի այցով ժամանել են Կիև՝ դառնալով Դոնալդ Թրամփի վարչակազմում Պենտագոնի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այցելել են Ուկրաինա։ Պարբերականը նշում է, որ դա այս մակարդակի առաջին այցն է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ փետրվարին Կիև կատարած այցից հետո։
Դրիսկոլը և Ջորջը նոյեմբերի 19-ին կսկսեն բանակցություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարության, օրենսդիրների և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Հանդիպումները տեղի կունենան Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի հարվածների ուժգնացման և արևմտյան դաշնակիցների կողմից Կիևին ռազմական աջակցության նոր ուղիների որոնման ֆոնին։
Ուշադրության կենտրոնում կլինի Ռուսաստանի հետ սառեցված խաղաղության գործընթացի քննարկումը՝ չնայած Մոսկվան մերժել է ռազմական գործողությունների դադարեցման հասնելու՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախորդ բոլոր փորձերը: Politico-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան նաև աշխատում են անօդաչու թռչող սարքերի և ինքնավար զինամթերքի տեխնոլոգիաների փոխանակման խոշոր գործարքի վրա, այցը մասամբ նախատեսված է աջակցելու այդ ջանքերին։