Հայաստանը պաշտոնապես միացել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության կողմից ներկայացված և Բրազիլիայի ու Դանիայի համանախագահությամբ ձևավորված «NDC Action Now-գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին՝ վերահաստատելով իր հանձնառությունը կլիմայական փոփոխությունների դեմ համատեղ, արագացված և արդյունավետ գործողություններին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հռչակագիրը կոչ է անում անդամ երկրներին և հաստատություններին ավելի արագ և համապարփակ իրականացնել իրենց Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (NDCs)՝ ամրապնդելով համաշխարհային ջանքերը, որոնք ուղղված են ջերմաստիճանի աճը սահմանափակելուն և մարդու ու բնության համար անվտանգ ու կայուն ապագա ապահովելուն։
Հռչակագրին միանալով՝ Հայաստանը ընդգծում է իր պատրաստակամությունը.
-
խթանել կլիմայական քաղաքականության իրականացումը.
-
աջակցել թափանցիկ, հաշվետու ու տվյալահեն գործողություններին.
-
ներգրավել միջազգային գործընկերներին ֆինանսավորման և տեխնոլոգիական աջակցության համար.
-
զարգացնել տեղական կարողությունները և խթանել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացումը։
Կլիմայական ճգնաժամը պահանջում է համախմբված և համարձակ գործողություններ։ Հայաստանը պատրաստ է շարունակել իր ակտիվ ներդրումը համաշխարհային ջանքերում՝ ուղղված կայուն զարգացման և բնության պահպանության նպատակներին: