ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ իրավաբան Վարդան Ալոյանը հետաքրքրվեց, թե ինչու են ուսումնասիրություններ իրականացվել ՀԷՑ-ի այն 25 ենթակայաններում, որոնք ներառված չեն եղել ներդրումային ծրագրերում, և որոնցում դեռևս աշխատանքներ իրականացված չեն եղել:
«Հուլիս ամսին և իմ նշանակումից անմիջապես օրեր անց երեք տարբեր ենթակայաններում տրանսֆորմատորային կայանների պայթյուններ են տեղի ունեցել, և ինձ մոտ մտահոգություն էր առաջացել, որ գուցե վթարային և ծայրահեղ վատթար վիճակում գտնվող ևս այլ ենթակայաններ ունենա ՀԷՑ-ը: Եվ ես տեխնիկական տնօրինությանը հանձնարարել եմ գույքագրել և այս պահին վատթար, տեխնիկական վատ վիճակում, պոտենցիալ ռիսկեր պարունակող ենթակայանների ցանկ ներկայացնել, և 26 ենթակայանից բաղկացած ցանկ է ներկայացվել տեխնիկական էներգետիկ առումով, որտեղ անհրաժեշտություն կա իմպերատիվ միջամտությունների: Ես միջնորդություն եմ ուղարկել ոլորտի տեսչական լիազորություն իրականացնող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին իրենց լիազորությունից բխող տեխնիկական, էներգետիկ, տեսչական ստուգումներ անցկացնելու, և ահա այդ ստուգումների արդյունքները դարձյալ որպես տեղեկատվություն վարույթի շրջանակում գուցե օգտագործելու նպատակով հասցեագրել եմ ոլորտը կարգավորող մարմին՝ ՀԾԿՀ-ին:
Խնդիրն այստեղ այն է, որ իմ գնահատականներով և նաև, ինչպես փաստեցին տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում կազմված ակտը և կարգադրագրերը, այդ ենթակայանները ընթացիկ սպասարկման և պարբերական կարգաբերման կարիք ունեին: Ենթակայաններում տրանսֆորմատորներ են հայտնաբերել, որոնք շուրջօրյա աշխատանքային ռեժիմում լարման տակ գտնվելով՝ յուղի նվազագույն պաշարից ավելի ցածր է, և պոտենցիալ նմանատիպ հրդեհներ կամ պայթյունավտանգ իրավիճակ կարող է հասունացնել: Այսինքն՝ գնահատականը տրվել է ոչ թե ներդրումային ծրագրերի արդյունավետության հետ կապված, այլ գնահատական տրվել է ենթակայանների տեխնիկական, էներգետիկ ընթացիկ սպասարկումն ապահովելու և բաշխման ցանցերի անխափանությունը երաշխավորելու կառավարման արդյունավետության մասով»,- նշեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: