Մենք երեկ գրավոր քվեարկությամբ հաստատեցինք ամբողջական օրենսդրական փաթեթը, որի մեջ ներառված է եղել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը և հարակից օրենքների նախագծերը: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ըստ էության, նախագծերը արդեն ուղարկվել են ԱԺ: Նշեմ, որ նաև մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու, որովհետև մենք այս բարեփոխման վրա 3 տարի, նաև ԱԺ ՔՊ խմբակցության հետ ենք աշխատել, և այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է, և, ըստ էության, մենք ունենք կոնսենսուս՝ համաձայնեցված նախագիծ, որը, իհակե, ԱԺ-ում որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի 1-ին պետք է ընդունեինք, այդ փաստի բերումով անհետաձգելի է, էլ չենք կարող հետաձգել:
Շատ կարևոր է. մինչև հիմա էլի որոշ խոսույթներում կա՝ առողջության համապարփակ ապահովագրություն, ապահովագրությունը համապարփակ չէ, չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը, ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է բոլորին: Բայց հունվարի 1-ից էլի բոլորին չի ներառելու. սա ընդամենը առաջին փուլն է, և հունվարի 1-ից էլ ում ներառեց, էլի ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չեն, որ ծածկելու է»:
Ավանեսյանը նշեց՝ երկու խումբ քաղաքացիներ կան: Այն քաղաքացիները, որոնց համար ապահովագրավճարը վճարելու է պետությունը, և նրանք են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները և 18-65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցանապահովություն ունեցող քաղաքացիները:
«Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը: Մենք ռեգիստրում ներառված բոլոր ճշտումներն անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան անհատապես, անվանապես. մարդն իր էլեկտրոնային հավելվածում կտեսնի, որ շահառու է ընդգրկվել: Մենք ունենք «Արմեդ» հավելվածը, որը 700 հազար հոգի այս պահին իր հեռախոսում ունի»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է համակարգում վճարումների տեսանելի լինելուն, ապա Ավանեսյանն ասաց. «Այս պահին երևում է միայն պետական պատվերի կամ ապահովագրության կտորը»:
«Հետագայում որևէ շարժ, ամբողջը պետք է երևան»,- ասաց վարչապետը:
Նախարարի խոսքով՝ հիմա խնդիրը հետևյալն է, որ վճարովին էլ պետք է ամբողջական «Արմեդով» լինի, այդ կտորն էլ «Արմեդ» հավելվածում երևա՝ ինչ ծառայություն է ստացել, դրա դիմաց ով ինչքան է փոխհատուցել:
«Երբ լինի անկանխիկ, երբ լինի թափանցիկ, երբ մենք բացառենք այլ շրջանառությունները, այդ ժամանակ հետագծելիությունն ամբողջությամբ կերևա»,- նշեց առողջապահության նախարարը:
Վարչապետի խոսքով՝ ավելի ընդհանրական գնահատականով՝ քննարկումների ընթացքում պարզվել է, որ ծառայությունների 30 տոկոսի ծածկույթ են ապահովում:
«Այսինքն՝ ՀՀ-ում ինչ բժշկական ծառայություններ կան՝ դրանց 30 տոկոսը, բայց այս 30 տոկոսը ամենաշատ պահանջարկ ունեցող ծառայություններն են: Տարբեր ձևաչափերով են, կարող է լինել համավճար: Իհարկե, ծածկույթները, մնացած կարգավորումները դեռ հընթացս շատ փոփոխություններ կբերեն. պրակտիկան իր հետ կբերի նոր խնդիրներ, կբացի նոր հնարավորություններ, ի հայտ կգան նոր տեսադաշտեր, որ մենք այս պահին դեռ չենք տեսնում: Ինքը դինամիկ զարգացող համակարգ է լինելու»,- ասաց Փաշինյանը: