Եթե ունենք նպատակ՝ զեկույցը ունենալու, զեկույցը ունենք: Եվ այդ գաղափարից ելնելով՝ որպես քննիչ հանձնաժողովի նախագահ, այն ուղարկել եմ ԱԺ նախագահին, որից հետո ենթադրում էի, որ այդ զեկույցը պետք է դրվի լիագումար նիստերի քննարկմանը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Կարծում եմ՝ զեկույցը լավ կլիներ որ բոլորը կարդային, որովհետև այդ աշխատանքը հիմա գտնվում է ԱԺ առաջին բաժնում»,- ասաց նա՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին:
Քոչարյանի խոսքով՝ պետք է որոշում կայացվի այդ նյութերին հասանելիություն տալ պետական այն կառույցներին, որոնք որոշումներ կայացնելու հնարավորություն կունենան: Խոսքը առաջին հերթին ՀՀ գլխավոր դատախազության, ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության մասին է:
«Որովհետև այդ ամբողջը մեկտեղված է այս շենքում, ուրիշ տեղ չկա, որ այդ ամբողջը դրված լինի: Այդ արխիվը կարևոր է: Հետևանքներն ու այն եզրակացությունը, որը ներառված են անձամբ իմ զեկույցի վերջին մասում՝ 45 կետից բաղկացած, շատ կարևոր են, որպեսզի դասեր քաղենք, թե ինչ է եղել»,- նշեց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, հիշեցրեց՝ Արշակ Կարապետյանի նկատմամբ (ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ - խմբ.) վերջերս հետախուզում է հայտարարվել:
Ինչ վերաբերում է սպառազինության ձեռքբերմանը, ասաց՝ գիտենք, որ սպառազինության ձեռքբերումը շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ:
«Դավիթ Գալստյանի մասին բոլորիս էլ հայտնի է, լսել ենք, հետևում ենք, ուսումնասիրում ենք: Մեր անվտանգային համակարգին ով վնաս է տվել, պետք է օր առաջ պատժվի»,- ընդգծեց Քոչարյանը:
Հիշեցնենք՝ որոշում է կայացվել ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի ԱԺ առաջին բաժին: