Ասել եմ, որ բանակցային փաթեթը կհրապարակեմ մինչև տարեվերջ: Դա պատճառ ունի: Եթե մի քիչ մտածեք և մտածեն, կիմանան, ինչո՞ւ՝ հիմա, և թե ինչո՞ւ եմ ասում՝ մինչև տարվա վերջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե բանակցային փաստաթղթերը մինչև տարեվերջ կհրապարակվեն:
Հարցին՝ նպատակն ընտրություններին ընդառաջ հրապարակե՞լն է, Փաշինյանը պատասխանեց. «Ո՛չ, ընտրություններին ընդառաջ չէ: Լա՛վ, հիմա ասեմ: Հասկանո՞ւմ եք՝ ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը միայն մենք չենք: Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ դե յուրե ԵԱՀԿ ՄԽ-ն կլուծարվի, և այդտեղ այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա: Այսինքն՝ այդ սուբյեկտը չի լինի, և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել»:
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակին, որը ենթադրաբար առնչվում է բանակցային գործընթացին, Փաշինյանն այդ մասով հանձնարարել է, որ գաղտնազերծման գործընթաց տեղի ունենա: Վարչապետը մանրամասներ չներկայացրեց, միայն նշեց, որ նամակն ուղղված է այլ երկրի ղեկավարի: