Կարծում եմ, որ պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա պատերազմ, հետևյալն է: Այն տարիներին, երբ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի Ադրբեջանի ռազմական բյուջեի հետ հարաբերակցությունը մեկը մեկինից չդառնար մեկը հինգին՝ 2008 թվականի դրությամբ:
Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Այդ տարիները պետք էր օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար: Այ դա է եղել պատճառը 44-օրյա պատերազմի, երբ բալանսն այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք: Ինչի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, երբ ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է, և Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն է ավելանում, ռազմական բյուջեն ճիշտ համամասնությամբ չի ավելանում: Ինքը պետք է սպասեր, որ այդ համամասնությունը փոխվեր իր օգտին»,- ասաց Ռուբինյանը:
Ինչ վերաբերում է Քոչարյանի պնդումներին, թե իր իշխանության տարիները եղել են խաղաղ, Ռուբինյանը հակադարձեց՝ դրանք եղել են խաղաղ, պարտքով վերցրած տարիներ:
«Եթե 1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները: Այ դա է նպաստել պատերազմի սկսվելուն»,- հայտարարեց նա: