ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահ դոկտոր Աբդուլլա Բելհայֆ ալ Նուաիմիի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄԷ-ի հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը:
«Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները երկկողմանիորեն պարտավորեցնող են, և ես հույս ունեմ, որ մեր երկրները կշարունակեն համագործակցության բարի ավանդույթները՝ ի շահ Հայաստանի և ԱՄԷ բարեկամ ժողովուրդների»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:
Նա նաև նշել է, որ Հայաստանը ձգտում է ԱՄԷ-ի հետ իր բարեկամական կապերը զարգացնել և ամրապնդել, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում:
Աբդուլլա Բելհայֆ ալ Նուաիմին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա Հակոբ Արշակյանին է փոխանցել Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմի ջերմ ողջույնները: Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահը նշել է, որ Շարժան Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահետաքրքիր և մշակութային կենտրոններից է, որում պահպանվում է արաբական ավանդական ոգին: Նա խոսել է Շարժայի հայկական գաղութի մասին՝ ընդգծելով, որ մյուս գաղութների հետ ունեցած ընդհանրություններով հանդերձ` այն ունի ինքնատիպ առանձնահատկություններ: Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու հարցում:
Հակոբ Արշակյանը խոսել է «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման մասին, որը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում: Նա շեշտել է, որ խաղաղության հաստատումը կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանում: Անդրադառնալով Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ այն Հայաստանի ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն, որը հիմնված է երկրների իրավասության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա:
Երկուստեք նշվել է, որ առկա է համագործակցության չիրացված մեծ ներուժ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներին:
Այցի շրջանակում դոկտոր Աբդուլլա Բելհայֆ ալ Նուաիմին դասախոսությամբ հանդես է գալու առաջնորդության դպրոցում: