Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) խստորեն դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի բնակարանաշինական ծրագրերը։ Կազմակերպությունը բողոքել է օկուպացված պաղեստինյան տարածքներում հարյուրավոր անօրինական բնակելի օբյեկտների կառուցման մրցույթներ հայտարարելու դեմ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ օկուպացված պաղեստինյան հողերում 356 Նոր ապօրինի բնակելի միավորի կառուցմանը հավանություն տալու՝ իսրայելական իշխանությունների որոշումը ռազմական հանցագործություն է՝ համաձայն միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի բանաձևերի, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2334 բանաձևի և միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության:
ԻՀԿ-ն զգուշացրել է, որ «այդ քայլը, որը ձեռնարկվել է Արևմտյան ափին պաղեստինյան հողերը զավթած իսրայելցի բնակիչների կողմից հարձակումների սրման ժամանակաշրջանում, կհանգեցնի լարվածության հետագա աճի»։ Կազմակերպությունը կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների։
Իսրայելական «Խաղաղություն հիմա» (Peace Now) հասարակական կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի շինարարության նախարարությունը երկու մրցույթ է հայտարարել Ռամալլայից հարավ-արևելք գտնվող հրեական Գևա Բինյամին (Ադամ) տարածքում նոր բնակավայր հիմնելու համար: