Թեհրանը պետք է ընդլայնի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ և թույլ տա գործակալության տեսուչներին մուտք գործել իր բոլոր միջուկային օբյեկտները, Financial Times-ին ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նա նշել է, որ Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների ավարտից ի վեր ԱԷՄԳ-ն անցկացրել է տասնյակից ավելի ստուգումներ, բայց դեռևս մուտք չի ստացել միջուկային հիմնական օբյեկտներ՝ Ֆորդո, Նաթանզ և Սպահան։
Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածներից հետո Իրանի գրեթե ամբողջ հարստացված ուրանը շարունակում է մնալ երկրում, ասել է Գրոսին։
«Վնասը մեծ էր, բայց մենք գնահատում ենք, որ մինչև 60%, ինչպես նաև 20%, 5% և 2% հարստացված ուրանի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, դեռևս այնտեղ է: Չնայած մենք դա չենք կապում որևէ վերջնական նպատակի հետ, բայց պարզ է, որ հարստացման այդքան բարձր մակարդակի՝ զենքի մակարդակին մոտ, նյութի գոյությունն ինքնին մտահոգիչ է»,- ասել է Գրոսին։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը բացառապես խաղաղ նպատակներով և չի քննարկում իր հրթիռային ծրագիրը։