Իրանն ազդանշան է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որ պատրաստ է վերսկսել տեխնիկական խորհրդակցությունները, հայտարարել է կառույցի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Իրանը մեզ հայտնել է, որ պատրաստ է վերսկսելու տեխնիկական խորհրդակցությունները։ Կարծում եմ՝ մենք պետք է վերադառնանք բնականոն աշխատանքային հարաբերությունների։ Սա վստահության կամ քաղաքականության հարց չէ, սա պարտականություն է, քանի դեռ դուք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ եք: Իսկ պայմանագիրը ստորագրողները իրենց միջուկային օբյեկտները ենթարկում են ամենախիստ ստուգման ռեժիմի։ Եթե դուք խաղում եք կանոններով, ապա դա նշանակում է, որ դուք պետք է բաց լինեք ստուգումների համար», - ասել է Գրոսին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պնդում է, որ իր տեսուչները հնարավորինս շուտ վերադառնան Իրանի միջուկային օբյեկտներ և շարունակեն իրենց աշխատանքը։ Գործակալության ղեկավարի խոսքով՝ դա Իրանի դեմ քաղաքական արշավ չէ։