Երբ խոսում ենք անչափահասների հանցավորության մասին, ընթացիկ տարում նաև քննարկել ենք անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների ընդհանուր պատկերը: Այդ մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հաշվետու տարում (2025-ի 9 ամիսները - խմբ.) 4 տոկոսով նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ նոր օրենսդրական նախաձեռնություն է ընդունվել, որով անչափահասներին նաև արգելվել է սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը:
«Նշեմ, որ արդեն օրենքի ընդունումից ի վեր 12 դեպքով իրականացրել ենք համապատասխան վարչարարություն, և այստեղ տեմպերը պետք է պահպանենք, որպեսզի օրենսդրական գաղափարախոսությունը, որը համատեղ ընդունել ենք, կարողանանք պրակտիկայում ապահովել»,- ասաց նա:
Խոսելով անչափահասների մասին՝ Սարգսյանն ընդգծեց՝ կարիք կա ընտանիքի, կրթական հաստատության հետ աշխատանքի, քանի որ կան դեպքեր, երբ ընտանիքի անդամները չեն բարձրաձայնում կատարված հանցագործության մասին, կամ դպրոցներն ահազանգեր չեն տրամադրում:
«Չթիրախավորելով որևէ կրթական հաստատության՝ նշեմ, որ նախարարությունը հետևողականորեն աշխատում է այս ուղղությամբ, և արդեն ընթացիկ տարում 6 միջնորդագիր եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ դպրոցների կողմից նմանատիպ տեղեկությունները ոստիկանությանը չտրամադրելու վերաբերյալ: Այս պրակտիկան շարունակելու ենք համատեղ, որպեսզի կարողանանք ցանկացած իրավիճակ մեր տեսադաշտում պահել»,- նշեց ՆԳ նախարարը: