Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությունը, հայտնեց՝ 2025 թվականի 9 ամիսների հաշվարկով գրանցված հանցավորության ընդհանուր պատկերում ունեն լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ:
Սարգսյանը պարզաբանեց՝ այն հանցագործությունները, որոնք 2024-ին, 2023-ին, նաև նախորդ տարիներին եղել են լատենտային հանցագործություններ, 2025-ի 9 ամիսների կտրվածքով ունեցել են բացահայտումներ, և ըստ այդմ՝ հանցավորության ընդհանուր գրաֆիկում այս խումբ հանցագործությունները նկատվում են աճի տեսքով:
«Օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն են, աճը՝ 391 դեպքով, զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերն են, աճը՝ 249 դեպքով»,- ասաց ՆԳ նախարարը:
Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր հանցավորության կառուցվածքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 0,7 տոկոսով:
«Այսինքն՝ ունեցել ենք կրկին ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների հիմնական արձանագրում, որը կազմել է 85,7 տոկոս: Իրականացված աշխատանքների արդյունքում պիտի նաև փաստեմ, որ նաև աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը՝ ընդհանուր առմամբ 3,5 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով այս թիվը կազմել է 9,9 տոկոս, ծանրերով՝ 5,8 տոկոս»,- հայտնեց ՆԳ նախարարը: