Այն կոնտեքստը, որում ես խոսել եմ պաշտպանության նախարարության ծախսերի կրճատման մասին, վերաբերում է միջազգային ռեյտինգային կազմակերպությունների կողմից օգոստոսի 8-ից հետո հնչած կամ հայտարարած ձևակերպումներին: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ ՆԳՆ բյուջեի մասով 2026 թվականի ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ, ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե երկու ամիս առաջ հայտարարվել է, որ պաշտպանության նախարարության բյուջեն կրճատվում է, մինչդեռ ՆԳՆ բյուջեի կրճատման մասին խոսք չի եղել: Պատգամավորը կարծիք հայտնեց, թե պաշտպանության նախարարության բյուջեի կրճատման մասին հատուկ «ժրաջանությամբ» է խոսվել՝ ի տարբերություն հարևան երկրի, որտեղ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են:
«Ես մեկնաբանություն էի տալիս միջազգային ռեյտինգային կազմակերպությունների կողմից արված հայտարարություններին այն մասին, որ իրենք համարում էին՝ երկարաժամկետ կամ միջնաժամկետ առումով վաշինգտոնյան համաձայնագրերի կնքումը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության ֆիսկալ կայունության վրա՝ հաշվի առնելով այն, որ խաղաղության պայմաններում Հայաստանը ստիպված չի լինելու մեծ գումարներ ուղղել պաշտպանության ոլորտին: Իմ արձագանքը դրան այն էր, որ 2026 թվականից արդեն իսկ որոշ նվազումներ են նախատեսվում այդ ուղղությամբ մեր ծախսերում»,- ասաց նա՝ նշելով, որ մեկնաբանությունը դրան էր վերաբերում:
«Ես չէի պատրաստվում որևէ բան ազդարարել, այսինքն՝ ես ընդամենը մեկնաբանում էի միջազգային ռեյտինգային ընկերության կողմից արված հայտարարությունը, և դա բյուջեի պլանավորման հետ այդ պահին դեռ կապ չուներ: Ես խոսում էի այն մասին, ինչի մասին հայտարարել էինք դեռևս հունիսի սկզբին՝ միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելիս»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ ՆԳՆ-ում վերակազմավորումներ են տեղի ունեցել և ունենալու, դրանով են պայմանավորված այն փոփոխությունները, որոնք արտացոլված են բյուջեում:
Ինչ վերաբերում է ՊՆ-ին, ապա նախարարը նշեց, որ ՊՆ ղեկավարի հետ մանրամասն պարզաբանումներ են տվել, ըստ որի՝ այն նվազեցումները, որ կան բյուջեում, որևէ կերպ չեն անդրադառնում այն ռեֆորմներին և վերազինման աշխատանքներին, որոնք իրականացվում են:
«Դա պայմանավորված էր նրանով, որ մեր գնումների և կապիտալ ծախսերի իրականացումը որոշակի տրամաբանություն ունի, մի տարում չի իրականացվում, և մենք որոշում էինք կայացրել ապագա ծախսերն առաջ բերել և իրականացնել 2025-ին, և 2026-ից վերադառնում ենք ծախսերի առումով նախագծված հետագծին»,- ասաց նա: