Ռուսաստանի կառավարությունը չինական յուանով կթողարկի իր առաջին պետական պարտատոմսերը՝ դաշնային բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։ ՌԴ ֆինանսների նախարարությունը մտադիր է ներքին շուկայում 300-400 մլրդ ռուբլի ընդհանուր ծավալով յուանի պարտատոմսեր թողարկել՝ հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Պարտատոմսերը կտեղաբաշխվեն Մոսկվայի բորսայում և կունենան 3-10 տարի մարման ժամկետ: Ըստ մի աղբյուրի՝ նախատեսվում է երեքից չորս թողարկում, յուրաքանչյուրը մոտավորապես 100 միլիարդ ռուբլի (8,6 միլիարդ յուան) արժողությամբ:
Ֆինանսների նախարարությունն ակնկալում է ներդրողների լայն շրջանակ՝ ֆիզիկական անձանցից մինչև բանկեր և կառավարող ընկերություններ: Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ ֆինանսների նախարարությունն արդեն հանդիպումներ է անցկացրել պոտենցիալ գնորդների հետ՝ գովազդելով իրենց յուանի պարտատոմսերը։ Նախարարության աղբյուրը հաստատել է, որ յուանով պարտքը պատրաստվում է, և շուտով դրա մասին պաշտոնապես կհայտարարվի։ Ռուսական ընկերություններն արդեն ակտիվորեն վարկեր են վերցնում յուանով:
Reuters-ը հաղորդում է, որ ներկայումս ֆոնդային շուկայում շրջանառվում են 166,83 միլիարդ յուանի կորպորատիվ պարտատոմսեր: Գործակալության տվյալներով՝ այս միջոցը հիմնականում ժողովրդականություն է վայելում արտահանողների շրջանում, որոնք սկսել են տեղական շուկայում յուանով պարտքեր ներգրավել՝ կտրվելով կապիտալի արևմտյան շուկայից: