Ցուցակների առաջին 30 համարները պետք է լինեն կուսակցությունների համաժողովների գերագույն մարմնի կողմից ընտրված, և մենք պատրաստվում ենք այդ թեկնածուներին գրանցելուց հետո համաժողովին տարբեր կրիտերիաներով դնել քվեարկության, ինչպես արեցինք ընտրության ժամանակ: Մեր կուսակցության պատվիրակներն են որոշելու, թե առնվազն առաջին 30 հոգին ինչպես են դասավորված լինելու ընտրական ցուցակում: Սա ժողովրդավարության ուղղակի դրսևորում է, նաև՝ ներկուսակցական ժողովրդավարությունը և քաղաքական համակարգը կայացնելու: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառալով 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
«Ինչ վերաբերում է նոր կադրերին, վատ բան չեմ տեսնում, որ ունենանք նոր գործընկերներ: Բայց նաև կա պայման, որ եթե կուսակցության անդամ չեն, ապա պետք է ունենան կուսակցության վարչության առնվազն 1 անդամի երաշխավորությունը, իսկ եթե կուսակցության անդամ են, ապա մեր ցանկացած կուսակցական կարող է առաջադրվել, ինչպես ցանկացած կուսակցական կարող էր առաջադրվել կուսակցության վարչության և վերահսկողի ընտրություններում»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, Թորոսյանը հայտարարեց՝ չի տեսնում դրա անհրաժեշտությունը, և չի էլ տեսել նման անհրաժեշտություն վերջին ընտրությունից հետո:
«Կարծում եմ, որ մենք ընտրական ցիկլերը պետք է փակենք. դա նաև քաղաքական համակարգի կայունացմանն է ուղղված: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտակարգ իրավիճակներում են տեղի ունենում, ինչպես նախորդ երկու արտահերթ ընտրությունները, ես հիմա չեմ տեսնում որևէ արտակարգ իրավիճակ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՔԿ անդամավճարների ինստիտուտին, ՔՊ-ականների ու ոչ ՔՊ-ականների համար այդ մասով ունեցած պարտավորությանը, ինչպես նաև թեմայի շուրջ քննարկումներին, Թորոսյանը մանրամասնեց. «Մեր աշխատավարձից ստացած եկամուտների 3 տոկոսը վճարում ենք կուսակցության բյուջե, այնպես է ստացվում, որ ոչ կուսակցականները դա չեն անում, որը 5 տարվա ընթացքում մոտավորապես 1 միլիոն դրամ է կազմում… Ուզում ենք, որ ոչ կուսակցական պատգամավորը նույնպես մասնակցի ծախսերի ապահովմանը»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ սկսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների առաջադրումը: