ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:
Նախարարի տեղակալը շնորհավորել է տիկին Ռենիտային Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ կողմերի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։
Կողմերը քննարկել են ԵՆԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքն ու դրանց արդյունավետ իրականացմանը միտված հետագա քայլերը, այդ թվում՝ «Դիմակայուն Սյունիք», Երևանի մետրոպոլիտենի վերականգնման և ճանապարհների բարեկարգմանն ուղղված ծրագրերը։ Հատուկ ընդգծվել է նաև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համաֆինանսավորման և հետագա համագործակցության ընդլայնման կարևորությունը տարածաշրջանում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական ֆինանսների կառավարման ընթացիկ օրակարգին՝ 2026 թվականի բյուջեի նախագծին և միջնաժամկետ ծախսային ծրագրին առնչվող հարցերին:
Ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու գործընկերային հարաբերությունները և ապահովելու համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների հաջող իրականացումը։