Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է տիկին Ռենիտային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵՆԲ-ի հետ ձևավորված համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ինչպես խոշոր ենթակառուցվածքային, այնպես էլ մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման տեսանկյունից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացիկ համագործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ջրային և էներգետիկ համակարգերի արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև կրթական ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր: