Բեռնատարների վարորդները շարունակում են բողոքի ակցիաները, ինչի ընթացքում մասնակիցների կողմից հնչում են որոշակի գործողությունների վերաբերյալ կոչեր, որոնք ոչ միայն չեն նպաստում հարցի լուծմանը, այլև կարող են տնտեսական վնասներ ու անհարմարություններ պատճառել նաև մեր այլ քաղաքացիներին։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, անկախ բողոքի ակցիաներից՝ հարցը մշտապես եղել է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտարարվել էր` ՀՀ Կառավարությունն արդեն իսկ բանակցություններ է սկսել ՌԴ գործընկերների հետ, հարցը քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստում։ Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։ Նշվել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։
ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում հարգել այլոց իրավունքները, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են տնտեսական վնասներ և անհարմարություններ ստեղծել քաղաքացիների համար։
Հիշեցնենք, որ դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները շուտով կարող են խնդիրներ ունենալ այդ երկրի օրենսդրության հետ: Նրանք արդեն սպառել են կամ շուտով կսպառեն Ռուսաստանում գտնվելու օրինական 90-օրյա ժամկետը, ինչից հետո կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում: Բեռնափոխադրողները կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի հետ և 90-օրյա ժամկետը դարձնել 180 օր:
«90 օրը Ռուսաստանի Դաշնության սահմանած կարգավորումն է: Մենք կարծում ենք, որ սա ակնհայտորեն հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին: Սա մի թեմա է, որն այս պահին էլ քննարկվում է ՌԴ գործընկերների հետ, ընդ որում՝ մի թեմա է, որը չի վերաբերում միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, այլև Ռուսաստանի և այլ երկրների հետ հարաբերություններին, այսինքն՝ ԵԱՏՄ մյուս անդամներին»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: