Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ Գյումրիում տեղի է ունեցել Հայաստանում կաթվածի պետական ռեգիստրի առաջին գիտաժողովը, որին ներկա է գտնվել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, մասնակցել են ոլորտի մասնագետներ, Երևանի և մարզային առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Միջոցառման մասնակիցներին առցանց ձևաչափով ողջունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Գիտաժողովի նպատակն է համատեղ ուժերով կատարելագործել կաթվածի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման սկզբունքները, Հայաստանում կաթվածի պետական ռեգիստրի հաջող գործարկմանն ուղղված քայլերը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են սուր կաթվածի բուժման գործընթացները, պետական ծրագրով նախատեսված անելիքները, կաթվածի ռեգիստրի ընդհանուր դրույթներն ու հիմնական նպատակները։
«Կաթվածի ռեգիստրի ներդրումը հնարավորություն է տալիս ունենալ հստակ տվյալներ, վերլուծել դեպքերն ու մշակել ավելի արդյունավետ քաղաքականություն՝ միտված կյանքի որակի բարելավմանը»,- նշել է Արտակ Ջումայանը։
Բժշկական կենտրոնների ներկայացուցիչներն ու ոլորտի մասնագետները ներկայացրել են նաև ռեգիստրի առաջին տվյալները, ընդգրկվածությունը և ազգային ցանցի ձևավորումը։