Խորհրդարանում այսօր լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք իշխանությունը վտա՞նգ է տեսել ի դեմս Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի, որը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
«Լինեմ անկեղծ՝ ո՛չ: Ի՞նչ պրոցես է կատարվում: 6 ամիս հետո ընտրություններ են, էլ չեմ ասում՝ ՀՀԿ-ն խորհրդարանում հայտնվել է զոռով, փող կիրառելով, դրա հետ կապված քրեական գործերով»,- ասաց Սիմոնյանը՝ ի պատասխան Համբարձումյանի շուրջ հնարավոր կոնսոլիդացիայի վերաբերյալ հարցին:
Ինչ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, ասաց՝ ընդդիմությունը նույնիսկ իրենց ստորագրությունները չի կարողանում հավաքել:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք ՔՊ-ն, պաշտոնյաները և անձամբ Սիմոնյանը պատրաստվո՞ւմ են մասնակցել կիրակի Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին, ինչին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց՝ արդեն ասել է, որ չի մասնակցելու:
«Ես նման պլաններ չունեմ: Վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է: Միշտ չի, չէ՞, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ գնում»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ արդյոք նրա չգնալը նշանակում է չաջակցե՞լ վարչապետին, Սիմոնյանը տվեց բացասական պատասխան:
«Չէ իհարկե, չի նշանակում: Մենք իրար հետ չենք համաձայնեցնում՝ ով որ եկեղեցի է գնում: Աջակցել-չաջակցելու բան չկա: Ով որտեղ է արտահայտում իր հավատքը, դա ոչ ոքի չի վերաբերում: Հավատքը, քրիստոնեությունը ոչ մեկի մենաշնորհը չեն, ես որտեղ կուզեմ կաղոթեմ:
Իմ և Աստծո խոսակցության մեջ պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա և իրեն գործարարի պես պահի»,- պարզաբանեց ԱԺ նախագահը՝ հորդորելով քաղաքական դաշտ չտանել իր որոշումը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ի՞նչ տեղեկություններ ունեն իշխանությունները, որ Գարեգին Բ-ի եղբայրը КГБ-ի գործակալ է, Սիմոնյանը ասաց՝ դրա մասին հրապարակում կա:
«Ես չեմ ուզում մտնել այդ դաշտ»,- նշեց Սիմոնյանը՝ հրաժարվելով գնահատականներ տալուց:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպես է նա գնահատում Հովհաննավանքի տարածքում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում նաև լրագրողների էին վիրավորել, նրանց հասցեին հայհոյանքներ հնչեցրել:
«Վատ: Ով վիրավորել է, շատ վատ բան է արել: Անընդունելի եմ համարում, բնական է: Այնպես չէ, որ ես տեր Արամի կամ մյուսի կողմնակիցն եմ, պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի, որպես հավատացյալ: Ես իմ կարծիքը ունեմ դրա վերաբերյալ:
Կարծիքս այն է, որ այն, ինչ կատարվում է Եկեղեցում, նաև ձայնագրությունը նկատի ունեմ, ի ցույց է դնում խնդիրները, որ վաղուց կային, հիմա ակնհայտ է, որ այդ հարցը պիտի լուծվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել: Նա գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ բոլորին կիրակի օրը հրավիրելով Սբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի մասնակցելու է Հովհաննավանքում Տեր Արամի մատուցած պատարագին:
Վարչապետը նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ կարգալույծը չի կարող կարգալույծ անել՝ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելու ակնհայտ փաստի բերումով:
Փաշինյանն ասել էր, որ Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունի: