Կարգալույծը չի կարող կարգալույծ անել՝ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելու ակնհայտ փաստի բերումով: Նա ո՞նց կարող է որևէ քահանայի կարգալույծ անել դրանից հետո էլ, առաջ էլ: Թող նախ հանրությանը բացատրի՝ որտեղի՞ց և ինչպե՞ս ունի կին և երեխաներ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տեր Արամ Ասատրյանին կարգալույծ հռչակելու Մայր Աթոռի որոշմանը:
«Ես՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ, այս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, նա վաղուց հոգևոր դասի մեջ չէ: Նա մարդ է ընդամենը, որը բռնազավթել է Մայր Աթոռն իր նման կարգալույծ խմբակի հետ»,- ասաց նա:
Անդրադառնալով հանրության շրջանում քննարկվող Կառավարություն-Եկեղեցի կոնֆլիկտին՝ Փաշինյանը նշեց. «Ո՞նց կարող ենք մենք Եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենալ: Հայ Առաքելական Եկեղեցին իմ սրբությունն է: Ես ո՞նց կարող եմ իմ սրբության հետ կոնֆլիկտ ունենալ: Մենք կոնֆլիկտ ունենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պղծողների հետ, նրա ուխտը ոտնահարողների հետ: Բոլոր այդ մարդիկ կարգալույծ են, և, այո՛, ես կգնամ հաղորդություն կընդունեմ:
Եթե կարգալույծը կարգալույծ է արել, դա նշանակում է, որ այդ կարգալուծության օրը Տեր Արամի՝ եկեղեցու կողմից (եկեղեցին ժողովուրդն է) իրական օծման օրը հենց այդ օրն է, և որպես նոր օծված քահանա՝ ես պատրաստ եմ և ոչ միայն պատրաստ եմ, այլև կանեմ դա, Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ, որովհետև եթե կարգալույծը նրան կարգալույծ է արել, դա ապացույցն է նրա՝ քահանա օծված լինելու: Ես համարում եմ, որ մեծ հավանականությամբ իմ հոգևոր կյանքի տեղը գտել եմ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել: Նա գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ բոլորին կիրակի օրը հրավիրելով Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի մասնակցելու է Հովհաննավանքում Տեր Արամի մատուցած պատարագին: