Առաջարկվում է լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Վլադիմիրի Գրիգորյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում: Որոշման նախագիծը ներկայացվեց Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 23-ի նիստին:
Մարկ Գրիգորյանը ծնվել է Երևանում, զբաղվել է արհեստական բանականության լեզվաբանական խնդիրներով, բանասիրական գիտությունների թեկնածու է:
Մասնագիտական լրագրությամբ զբաղվել է 1993 թվականից Երևանում՝ որպես «Սվոբոդա» թերթի խմբագրի տեղակալ: Աշխատել է Լոնդոնում՝ BBC-ի ռուսական ծառայության ծրագրերից մեկում: 2015-2017 թվականներին հեղինակել և վարել է «Անծանոթ Երևան» ծրագիրը՝ պատմելով Երևանի զարգացման պատմության ընթացքի մասին, ներկայացրել մայրաքաղաքի համար մեծ նշանակություն ունեցող շենքերը, դրանց հեղինակներին, շենքերի հետ անմիջական առնչություն ունեցող մարդկանց: 2017-2018 թվականներին ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոընկերությունը, վարել է ռադիոհաղորդում՝ նվիրված Երևանին: 2019-2023 թվականներին եղել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենը, 2023-2024 թվականներին՝ տնօրենի պաշտոնակատարը:
Մարկ Գրիգորյանը Երևանի մասին աշխատությունների հեղինակ է, տպագրել է տասնյակ հոդվածներ, վարել բազմաթիվ հարցազրույցներ, որոնց ընթացքում խոսվել է Երևանի ճարտարապետության զարգացման խնդիրների և հեռանկարների մասին: Նա ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռն է:
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեց՝ քանի որ Մարկ Գրիգորյանի վերաբեյալ խմբակցությունում տարբեր կարծիքներ ու քննարկումներ կան, այդ իսկ պատճառով որոշվել է, որ խմբակցության անդամներն ազատ են քվեարկելու նախագծի քվեարկության ժամանակ: