Խաղողի ամբողջ սորտերը մթերված են, և այս պահի դրությամբ, ըստ օպերատիվ տվյալների, որոնք ստանում ենք (կարող է որոշակի, մի փոքր ճշգրտում լինել), 211 հազար տոննա մթերվել է: Ամբողջ անցած տարի մթերման ծավալը եղել է 164 հազար 200 տոննա: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 23-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Մի փոքր «Արենի» սորտի խաղող է մնացել, և վերջին օրերին խաղողի՝ սեղանի սորտեր կան, որոնք շուկայի համար պատշաճ տեսքի և որակի չեն, և ֆերմերները դրանք ևս մթերում են, և մթերողները մեծ պատրաստակամությամբ դա են մթերում: Դրանով է պայմանավորված, որ մթերումը մեր հաշվարկներից ավելի է, այսինքն՝ բերում են նաև վերջին մնացորդները»:
«Բայց պետք է նշել, որ մթերումը մինչև հիմա պատշաճ գնացել է, հիմնականում ավարտել ենք, մնացել է 2-3 մթերող, առաջիկա օրերին ամբողջությամբ կավարտենք,- ասաց նա և հավելեց,- Կարող ենք ասել, որ 99 տոկոսը մթերել ենք: Մաքսիմում կարող է մի 1000-2000 տոննա մնացած լինել, այն էլ իմ ասած դեպքն է, այսինքն՝ «Արենի» է կամ խաղողի սեղանի սորտեր»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ խաղողի ոլորտում խորքային փոփոխություններ են տեղի ունենում. «Չեն կարող այդ փոփոխությունները կասեցնել, կանգնեցնել, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը, գյուղատնտեսությունն ադապտացվի այդ փոփոխություններին»: