Այսօրվա դրությամբ ունենք արտահանման 13,8 տոկոս աճ նախորդ տարվա դրությամբ: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 23-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գյուղմթերքի արտահանման ցուցանիշներին:
Ըստ այդմ՝ ծիրանի դեպքում 25,5 տոկոս աճ է արձանագրվել, սալորի դեպքում՝ 61,1 տոկոս աճ, դեղձի դեպքում՝ 87,1 տոկոս, կեռասի դեպքում՝ 123 տոկոս, տանձի դեպքում՝ 245 տոկոս, լոլիկի դեպքում՝ 12 տոկոս, պղպեղի դեպքում՝ 62 տոկոս, կաղամբի դեպքում՝ 843 տոկոս, սմբուկի դեպքում՝ 72 տոկոս, հատով ծաղկի դեպքում 6,4 տոկոս աճ է արձանագրվել, իսկ տոննայով արտահանման դեպքում՝ 116 տոկոս:
Փաշինյանը նկատեց՝ շատ չի խորացել թվերի մեջ, բայց, տեսնելով տանձի՝ 245 տոկոս արտահանման աճը, եկել է մի եզրակացության:
«Ինձ համար անակնկալ էր, երբ առաջին անգամ իմացա, որ ամենաշատը Հայաստան ներկրվող մրգերից է տանձը: Ինձ համար սա անակնկալ էր: Բայց արտահանման այս թիվը և այն, որ մենք ոչ մի անգամ չենք լսել արտահանման պրոբլեմի մասին, այս թիվը (90 և ավելի տոկոսով վստահ եմ) ամբողջ ինտենսիվ այգիներում աճեցված տանձն է, որը ստանդարտին համապատասխանում է բոլոր առումներով, և որ ուղղությամբ ուզեն, կարող են արտահանել, որովհետև արտադրանքը համապատասխանում է բոլոր ստանդարտներին:
Նույնը կարող եմ ասել կեռասի մասին»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ մարզային այցերի ժամանակ եղել է կեռասի և տանձի այգիներում: