Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին՝ ներկայացնելով կատարվողի հանդեպ իր դիրքորոշումը:
«Հոգևորականը «Բենթլի՞» ունենա, 3 կնի՞կ ունենա (հազա՛ր ներողություն այս բառի համար, դա իրենց ընկալումն է), 4 հատ սիրուհի՞ ունենա, ամեն երկրում մի երեխա՞ ունենա, ոսկեղե՞ն ունենա՞, ինչ ասես որ ունենա ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞: Խելագա՞ր եք դուք: Հլա մի հատ էլ մեզ են ասում նեռ: Դուք ձեզ հայելու մեջ տեսե՞լ եք ընդհանրապես: Եվ այս պրոբլեմները պետք է լուծվեն: Հայաստանը չի կարող զարգանալ՝ առանց այս պրոբլեմների լուծման»,- ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաև կաթողիկոսի եղբոր մասին մամուլում շրջանառվող տեղեկություններին:
«Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի եղբայրը КГБ գործակալ է, ո՞վ է հարց տալիս: КГБ գործակալ է, ու հիմա էլ Նախիջևանի թեմի առաջնորդն է: Ո՛չ մի արձագանք: Կներեք, սա խելագարություն է, նման բան ո՞նց կարող է լինել: Մի հատ էլ ասում եք՝ կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք, այսինքն՝ վարչապետն անձնական կյանք չունի, չի կարող ունենալ, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունի՞:
Հեսա կսկսեն եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել միջազգային կոնվենցիաներով: Բա հարցազրույց եղավ. եկեղեցու սպասավորը, որը ներսից գիտի, ասում է՝ ինչ-որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ չի էլ հետաքրքրում՝ ավանդական-ոչ ավանդական, որովհետև եպիսկոպոսը սեռական կյանք չպիտի ունենա: Ու Հայաստանում դեռ մարդ կա, որ պաշտպանում է այս դիրքորոշո՞ւմը»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, թե սա այլասերվածության կատարյալ աստիճան է:
«Կաթողիկոս կոչվածը՝ Գարեգինը, աղջիկ ունի՞, թե՞ չունի, այս հարցին պատասխանե՞լ է, ախպերը, որ КГБ գործակալ է, որևէ բացատրություն տվե՞լ է: КГБ գործակալը մեզ հայրենասիրություն բացատրո՞ղն է, մեր ազգային ինքնությունը մեզ բացատրո՞ղն է»,- ասաց նա: