Նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկում ենք էլեկտրոնային եղանակով գործարքների կնքում, եթե խոսքը վերաբերում է խառը պայմանագրերին, այսինքն՝ կա հիփոթեքի և անշարժ գույքի ձեռքբերման կամ գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիր, ընդ որում՝ երբ կողմերից մեկը բանկն է կամ վարկային կազմակերպությունը: Այս նախագծով հնարավորություն ենք ընձեռում դրանք կնքելու առանց նոտարական կարգով վավերացման: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստին ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը:
«Քաղաքացին, այսինքն՝ գույքը ձեռք բերողը, կազմակերպությունը, վարկային կազմակերպությունը կամ բանկը, որը ֆինանսավորում է գործարքը, և կառուցապատողը կամ այն անձը, որն օտարում է անշարժ գույքը, էլեկտրոնային հարթակում կնքում են խառը պայմանագիր, որի օրինակելի ձևը կսահմանվի Կառավարության որոշմամբ, և այդ պայմանագրի դեպքում նոտարական կարգով պարտադիր վավերացում չի պահանջվելու:
Ընդ որում՝ այս պայմանագրերի կնքման արդյունքում արդեն պետական գրանցման դիմումները ներկայացվելու են համապատասխանաբար բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից, որոնք Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում լինելու են հաշվառված, որը կսահմանվի կառավարության որոշմամբ»,- ասաց նա:
Նանե Ղազարյանը պարզաբանեց՝ խոսքը իմպերատիվ կարգավորման մասին չէ, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին կցանկանա իր գործարքը կնքել նոտարական վավերացմամբ, ապա քաղաքացին այս գործարքի արդյունքում չի զրկվում այդ հնարավորությունից, ուղղակի ունենում է ընտրության հնարավորություն՝ կնքելու պայմանագիրը կա՛մ Կառավարության սահմանած տիպային ձևով՝ առանց նոտարական վավերացման, կա՛մ գնալ նոտար և ունենալ նոտարական վավերացմամբ պայմանագիր: