Վրաստանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար: Այն ռազմավարական նշանակություն ունի, և դրա արտացոլումն է անցյալ տարի՝ 2024 թ. հունվարին ստորագրված Ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիրը:
Այս մասին հոկտեմբերի 20-ին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Գիվի Միքանաձեին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների, մշտական հանձնաժողովների և բարեկամական խմբերի միջև առկա է բավականին ակտիվ փոխգործակցություն:
Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումից հետո, ներկա պահին ակտիվ բանակցություններ են ընթանում. ԱՄՆ աջակցությամբ Հայաստանը փորձում է կայուն և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Նա բարձր է գնահատել Վրաստանի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և շնորհակալություն հայտնել Հայաստանին աջակցության համար:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և ջերմ ընդունելության համար` Գիվի Միքանաձեն եւս կարևորել է երկու երկրների միջև ակտիվ փոխհամագործակցությունը:
Երկուստեք նշվել է, որ պաշտոնական փոխայցերը համատեղ իրականացվող և իրականացվելիք կրթական, մշակութային միջոցառումները կամրապնդեն և նոր որակի կհասցնեն հայ-վրացական հարաբերությունները: