Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Վոլոդիմիր Զելենսկուն՝ նրան անվանելով ուժեղ մարդ, որի հետ շատ լավ հարաբերություններ ունի:
Օրակարգում հիմնականում եղել է Կիևին ռազմական մատակարարումների հարցը: Զելենսկին ցանկություն է հայտնել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փոխանակել ամերիկյան Tomahawk հեռահար հրթիռների հետ:
Կիևը վերջին շրջանում ակտիվորեն ցանկանում է ստանալ դրանք, իսկ Մոսկվան նման հեռանկարը որակում է էսկալացիային ուղղված քայլ: Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել ուկրաինական ԱԹՍ-ները, սակայն նշել, որ ամերիկյան կողմն ինքն էլ ունի Tomahawk թևավոր հրթիռների կարիքը, իսկ Ուկրաինային կարող է այլ հրթիռներ տրամադրել: Նա հավելել է, որ Կիևին Tomahawk-ների վաճառքը իսկապես կարող է սրել իրավիճակը:
Թրամփն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցին, որի ընթացքում նախագահները պայմանավորվել են առաջիկա 2 շաբաթում հանդիպել Հունգարիայում: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Զելենսկին հավանաբար չի մասնակցի այդ բանակցություններին, սակայն Թրամփը կապի մեջ կլինի Ուկրաինայի նախագահի հետ:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է նաև այն հակամարտությունները, որոնք ամերիկյան կողմը դադարեցրել է: Թրամփի խոսքով՝ Կրեմլի ղեկավարը «հիասքանչ» է որակել ԱՄՆ նախագահի ջանքերը՝ հիշատակելով նաև Հայաստանը: Շարունակելով ռուս-ուկրաինական հակամարտության թեման՝ Թրամփը համոզմունք է հայտնել, որ թե՛ Պուտինը, թե՛ Զելենսկին ցանկանում են դադարեցնել պատերազմը:
«Ժամանակն է դա անել»,- պնդել է նա:
Լրագրողների հետ զրուցել է նաև Վոլոդիմիր Զելենսկին: Հարցին՝ ի՞նչ զիջումների է պատրաստ գնալ Կիևը և արդյո՞ք կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարից՝ Ուկրաինայի նախագահը պատասխանել է՝ այժմ ամենակարևորը հրադադարի հասնելն է:
«Մենք խաղաղություն ենք ուզում, իսկ Պուտինը՝ ոչ: Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով բանակցությունների»,- շեշտել է Զելենսկին։
Եվրատլանտյան ինտեգրման մասին Ուկրաինայի նախագահն ընդգծել է՝ Կիևի համար շատ ավելի կարևոր են անվտանգության հուսալի երաշխիքները։ Զելենսկին հավելել է, որ այժմ ամենադժվարը տարածքների հարցն է։
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահները համակարծիք են եղել, որ ռուսական և ուկրաինական ուժերը պետք է կանգ առնեն ներկայիս շփման գծով:
Հաղորդվում է, որ Թրամփի հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին զանգահարել է եվրոպացի գործընկերներին: