Որքան ավելի համապարփակ ենք հասկանում մեր երկրի պրոբլեմները, այնքան ավելի ենք համոզվում, որ մեր բոլոր խնդիրների լուծումները կրթության մեջ են և կրթության ոլորտում են: Այս մասին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի միջնակարգ դպրոցում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Էլի առիթ եմ ունեցել ասելու՝ դպրոցաշինությունն էլ մեզ համար ևս կրթական գործընթաց է։ Մենք հսկայական ճանապարհ ենք անցել՝ սովորելու՝ ինչ պետք է անի կառավարությունը և գործադիր իշխանությունը դպրոցաշինությունում ավելի լավ արդյունքներ արձանագրելու համար»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ պետք է ինքներս մեր նկատմամբ պահանջները խստացնենք՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի՝ ամեն պատի, գույնի, բռնակի, մեխի վրա:
Նիկոլ Փաշինյանը, կարևորելով շինարարական որակի նկատմամբ վերահսկողության բարձր մակարդակը, նշեց՝ նորակառույց դպրոցները պետք է երկար տարիներ պահպանեն ներկայիս տեսքը:
Նրա խոսքով՝ դա կառավարման շատ լուրջ խնդիր է, և շինարարական համայնքն էլ շատ բան ունի սովորելու շինարարության ոլորտում:
«Այս տունը մեզնից յուրաքանչյուրի բնակարանից ավելի կարևոր է, որովհետև այս հարկի ներքո է որոշվում ամեն ինչ՝ երեխաներից յուրաքանչյուրի հետագա կյանքի ընթացքը։ Մեր ուղերձը երեխաներին, բոլորիս նույնն է՝ լավ սովորիր, որ լավ ապրես: Մենք բոլորս պետք է լավ սովորենք»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ իրենք լավ սովորելու համար ստեղծում են պայմաններ:
«Մենք պետք է կառավարենք շենքը, դպրոցը, պետք է կարողանանք երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկման մշակույթը մտցնել: Այս դպրոցը մեկ կամ հինգ կամ տասը տարվա համար չէ։ Որքան լավ կառավարենք դպրոցի գույքը, այնքան երկար այն կծառայի։ Անհրաժեշտ է պատշաճ խնամք»,- ընդգծեց նա: