ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ քննարկել նոր հնարավորությունները, որոնք թույլ կտան Ուկրաինային հարվածել Ռուսաստանին երկրի տարածքի խորքերում։
«Մենք դա կքննարկենք»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին, արդյոք այդ թեման կքննարվի հետագա բանակցությունների ժամանակ։
«Այո, դա այն հարցերից է, որի շուրջ կխոսենք։ Դա էսկալացիա է, բայց մենք այն կքննարկենք»,-հավելել է Թրամփը։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի պատերազմը հնարավոր կլինի ավարտել առանց Tomahawk հրթիռների կիրառման։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը վստահ է, որ և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և՛ Զելենսկին ցանկանում են պատերազմի ավարտը տեսնել։
«Այժմ մենք պետք է հասնենք այդ նպատակին»,-ասել է նա։ Թրամփը ուղիղ չի պատասխանել՝ արդյոք Ուկրաինան պետք է զիջի տարածքներ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ նշելով, որ պատերազմներն «անկանխատեսելի» են։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թրամփը նախնական համաձայնություն է տվել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Բուդապեշտում։ Իր հերթին Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է, որ «Ուկրաինան խաղաղություն է ուզում, իսկ Ռուսաստանը՝ ոչ»։ Նա նշել է, որ նախևառաջ անհրաժեշտ է համաձայնության հասնել Ուկրաինայում կրակի դադարեցման շուրջ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դա պարտադիր նախապայման չի համարում խաղաղ բանակցությունների համար։
Զելենսկին ԱՄՆ-ին առաջարկել է փոխանակել ուկրաինական անօդաչուները Tomahawk-ների հետ։ Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել հազարավոր ուկրաինական ԱԹՍ-ներ՝ թևավոր հրթիռների դիմաց՝ ընդգծելով, որ «ժամանակակից պատերազմները պահանջում են մեծ թվով անօդաչուներ»։ Թրամփը, իր հերթին, այդ սարքերը կոչել է «շատ լավը»։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ին նույնպես անհրաժեշտ են Tomahawk և այլ հրթիռներ, որոնք նախատեսվում են Կիևի համար, սակայն նշել է, որ պատրաստ է քննարկել Զելենսկու առաջարկը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ուկրաինական կողմը պատրաստվում է ԱՄՆ-ին առաջարկել տեխնոլոգիական գործընկերություն անօդաչու թռչող սարքերի ոլորտում, այդ թվում՝ դրանց արտադրությունը ԱՄՆ-ում կամ Եվրոպայում՝ հետագա արտահանմամբ ամերիկյան բանակի կարիքների համար։
Զելենսկին նաև նշել է, որ Թրամփն ունի «մեծ հնարավորություն» ավարտելու Ուկրաինայի պատերազմը, իսկ նախկին նախագահ Ջո Բայդենը նման հնարավորություն չի ունեցել։ Թրամփն իր հերթին հայտարարել է. «Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը կլինի իններորդ հակամարտությունը, որը ես կհաղթահարեմ։ Ես սիրում եմ կանգնեցնել պատերազմները, մենք փրկել ենք միլիոնավոր կյանքեր»։
Լրագրողների հարցին, թե ինչու Պուտինի հետ բանակցությունների վայր է ընտրվել հենց Հունգարիան, Թրամփը պատասխանել է. «Մեզ դուր է գալիս Վիկտոր Օրբանը։ Նա դուր է գալիս Պուտինին, դուր է գալիս նաև ինձ։ Դա անվտանգ երկիր է։ Նա շատ լավ է կատարել իր աշխատանքը։ Նա շատ հաջող ղեկավար է եղել իր երկրի կառավարման հարցում։ Նրա մոտ չկան այն բազմաթիվ խնդիրները, որոնք կան այլ երկրներում։ Այդ պատճառով էլ մենք որոշեցինք լինել Վիկտոր Օրբանի հետ, և կարծում եմ՝ նա շատ լավ ընդունող կողմ կլինի»։
Երբ լրագրողները հստակեցրել են՝ արդյոք Զելենսկին կմասնակցի այդ հանդիպմանը, Թրամփը պատասխանել է, որ դա «դեռ պետք է որոշվի»՝ հավելելով, որ Պուտինը և Զելենսկին «չեն համակրում միմյանց»։
«Մենք ուզում ենք, որ բոլորին հարմար լինի։ Կլինենք եռակողմ ձևաչափում, բայց հնարավոր է՝ առանձին։ Ես կասեի՝ ամենայն հավանականությամբ դա կլինի երկկողմ հանդիպում»,-նշել է նա։