Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Կոտայքի մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենների, ինչպես նաև նույն կազմակերպությունների մանկական և մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների պատասխանատուների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրել են մարզային կտրվածքով ծառայությունների իրավիճակը, աշխատանքային հարցերն ու անելիքները, մասնավորապես անդրադարձ է եղել մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի հարցերին, մասնավորապես` հղիների նախածննդյան հսկողության ծրագրերի բարելավմանը, կեսարյան հատման ցուցանիշներին և դրանց նվազմանն ուղղված միջոցառումներին, ընդգծվել է, որ բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ, ըստ կնոջ ցանկության, պետության կողմից փոխհատուցվում է էպիդուրալ անզգայացման արժեքը՝ դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները:
Կարևորվել և ընդգծվել են նորածնային և մանկական ծառայությունների կազմակերպման առանձնահատկությունները, նորածնային սքրինինգային հետազոտությունների կատարողականի կարևորությունը, քննարկվել են մարզային կտրվածքով մանկական վիրաբուժական ծառայության զարգացմանն ուղղված քայլերը:
Արմեն Գասպարյանը նշել է, որ մարզային բժշկական կազմակերպությունների հզորացումն ու տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացումը ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթություններն են, իսկ մոր և մանկան առողջության պահպանումը` մեր երկրի գերակայություն: